ԱՄՆ-ը և ՌԴ-ն բեկումնային անվանեցին ուրբաթ լույս շաբաթվա գիշերվա բանակցությունները Ժնևում՝ Սիրիայում քաղաքական կարգավորման վերադառնալու հարցով: Նրանք ուզում են համազգային հրադադարն ապահովել երկուշաբթիից և համատեղ պայքարել իսլամական զինյալ խմբավորումների դեմ:
Քաղաքացիական պատերազմի հինգ տարիները քառորդ միլիոն մարդու կյանք խլեցին, Սիրիան վերածեցին կարկատանված ծածկոցի և ծնեցին երկրորդ աշխարհամարտց հետո մեծագույն միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում: Մարտերին մասնակցում են Ռուսաստանի ու Իրանի աջակցությունն ունեցող Ասադի բանակը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում ու Պարսից ծոցում նրա դաշնակիցների աջակցությունն ունեցող սիրիական ընդդիմությունը, ԻՊ-ի ջիհադականները, որոնց փորձում են դիմակայել մյուս երկու կողմերը: ԱՄՆ-ը և ՌԴ-ն փորձում էին նոր հրադադարի մասին պայմանավորվել, երբ փետրվարին ձեռք բերված նախորդ համաձայնությունը մի քանի շաբաթում փլուզվեց: Փլուզման մեջ կողմերը մեղադրեցին միմյանց: Փոխզիջում գտնելու մի քանի փորձերից հետո բարձրաստիճան դիվանագետները հայտարարեցին հաջողության մասին:
«Այսօր Սերգեյ Լավրովն ու ես, մեր նախագահների ու երկրների հանձնարարությամբ, բոլոր կողմերին Սիրիայում կոչ ենք անում աջակցել ծրագրին, որի վերաբերյալ պայմանավորվել են ԱՄՆ-ը և ՌԴ-ն, որպեսզի վերջ դնենք աղետալից կոնֆլիկտին հնարավորինս արագ՝ քաղաքական գործընթացի միջոցով»՝ ասաց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համատեղ ճեպազրույցում հոգնեցուցիչ դիվանագիտական մարաթոնից հետո Ժնևում: Սերգեյ Լավրովն ասաց, որ անվստահությունը պահպանվում է, սակայն կողմերը նախապատրաստել են հինգ փաստաթուղթ՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարի համակարգմանը և սիրիական հրադադարի վերականգնմանը: «Դա բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծում է վերսկսելու համար քաղաքական գործընթացը, որ վաղուց դոփում է տեղում»՝ ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Քերին հավելեց, որ «Նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը, ԱՄՆ-ը պատրաստ են ավելորդ մղոն վազելու, որովհետև վստահ են, որ Ռուսաստանը և իմ գործընկեր Լավրովն ի վիճակի են ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա, որպեսզի վերջ դնեն կոնֆլիկտին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Պետքարտուղարը անկյունաքարային համարեց համաձայնագիրը, որով Ասադի ավիացիան ձեռնպահ է մնում համաձայնեցված շրջանները ռմբակոծելուց՝ պատճառաբանելով, որ այնտեղ ԻՊ-ի, ան Նուսրայի, ալ Քաիդայի սիրիական մասնաճյուղի զինյալներն են: «Դա պետք է վերջ դնի տակառային ռումբերի օգտագործմանը և առանց խտրություն դնելու ռմբակոծություններին»՝ ասաց Քերին՝ հղում անելով խաղաղ բնակչության տառապանքին:
Բռնության նվազեցումից հետո ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կջանան ընդհանուր ճակատով հարվածել ԻՊ-ին ու ան Նուսրային՝ հաղորդեց պետքարտուղարը: Ասադի հակառակորդները, ի դեմս բանակցային պատվիրակության, սպառնացին, որ ընդդիմությունը կմերժի ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ցանկացած համաձայնություն Սիրիայի ճակատագրի շուրջ, եթե կտրուկ տարբերվի իշխանության փոխանցման իր պլանից:
Եթե երկուշաբթի օրվանից հաջողվի ապահովել հրադադարը, Մոսկվան ու Վաշինգտոնը մի շաբաթում կսկսեն նախապատրաստվել համատեղ կոորդինացիոն կենտրոնի ստեղծմանը և որոշ տեղեկատվություն կփոխանակեն տարածքների մասին, որ ան Նուսրայի ու Ասադի քաղաքական հակառակորդների վերահսկողության տակ են: Կրեմլի հետ ռազմական համագործակցության Քերիի առաջարկը սվիններով ընդունեցին ԱՄՆ որոշ զինվորականներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որ չեն վստահում Մոսկվային: Վաշինգտոնն ու Մոսկվան գլոբալ, առանցքային խնդիրների շուրջ բանակցում են, բայց նրանց երկկողմ հարաբերությունները մնում են ծայրաստիճան լարված: Օբաման Պուտինի հետ Սիրիայի հարցը քննարկեց Չինաստանի սամմիթում և հընթացս հիշատակեց, որ ԱՄՆ-ը չի հանի ՌԴ պատժամիջոցները՝ մինչև չհամոզվի, որ ամբողջությամբ կատարվել են Մինսկի համաձայնությունները ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամի հաղթահարման համար:
Reuters
Հ.Գ. CNN-ի հաղորդմամբ՝ «Այսօր մենք հայտարարում ենք պայմանավորվածության մասին, որը, ինչպես մենք ենք կարծում, հնարավոր է կատարել, սակայն դա կախված է մարդկանց ընտրությունից»՝ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում: «Ան Նուսրայի դեմ ուղղված գործողությունները ինչ-որ մեկին զիջում չեն, իսկ ալ Քաիդային հարվածելը բացարձակապես ԱՄՆ-ի շահերից է բխում»: «Եթե օրինական ընդդիմության խմբերը ուզում են պահպանել իրենց լեգիտիմությունը, նրանք պետք է ան Նուսրայից ու ԻՊ-ից բոլոր հնարավոր միջոցներով տարանջատվեն»՝ հավելեց Քերին: «Սա ընդամենը հնարավորություն է, ոչ ավելին, քանի դեռ չի դառնա իրականություն»՝ հավարտ բանաձևել է Ջոն Քերին: Ընդունեք, որ դիվանագիտորեն անխոցելի ձևակերպում է, որ կարող է տարածվել բոլոր պայմանավորվածությունների վրա, ոչ միայն Սիրիային վերաբերող, այլև՝ Լեռնային Ղարաբաղին: Հետաքրքիր է՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները Քերին ու Լավրովը չե՞ն պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի հարցով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ